Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը (FREDA) 2009 թ. ի վեր Հայաստանում 10 ներդրումային նախագիծ է ֆինանսավորել՝ 1,65 մլրդ դրամի չափով; Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց FREDA-ի տնօրեն Տիգրան Խանիկյանը:
Նախագծերի ֆինանսավորումն հիմնականում իրականացվում է բաժնետիրական կապիտալում մասնակցություն ձեռք բերելով: Այսինքն՝ FREDA-ն տվյալ ընկերությունում անդամություն է ձեռք բերում եւ տնօրենների խորհրդում, եւ բաժնետերերի խորհրդում, հնարավորություն է ստանում մասնակցելու ձեռնարկության օպերատիվ կառավարմանը: FREDA-ի ներդրման նվազագույն չափը 200 մլն դրամն է, բաժնետիրական կապիօտալում մասնակցությունը՝ 25%-ից (գումարած մեկ ձայն) մինչեւ 45 %: Ներդրումից 7 տարի անց FREDA-ն դուրս է գալիս բաժնետիրական կապիտալից՝ բաժնետոմսերը նախապատվության իրավունքով վաճառելով մյուս հիմնական բաժնետերերին: Ըստ Տ. Խանիկյանի՝ FREDA-ն հետապնդում է շահույթ ստանալու նպատակ, սակայն ներդրումները կատարվում են այնպես, որ դիվիդենտները վճարվեն երկրորդ կամ երրորդ տարվանից;
FREDA-ի ներդրումներն իրականացվում են հետեւյալ 4 ուղղություններով՝ գինեգործություն, գյուղմթերքների արտադրություն, ձկնաբուծություն եւ կաթի վերամշակում: Մինչ այսօր ներդրումներ իրականացվել են «Ակվատեխ ավտոմատիկա» (ձկնարտադրություն), «Փյունիկ» (թռչնաբուծություն), «Հարպրոդ» (նախկին Հոկտեմբերյանի պահածոների գործարան), «Չիզ թաուն» (պանրի արտադրություն), «365 գրուփ» (գինու արտադրություն) եւ այլ ընկերություններում:





























