Ռամիլ Սաֆարովի գործում Ադրբեջանը հարված հասցրեց միջազգային արդարադատությանը: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 10-ին հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի հետ  իրավական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակելու մասին փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում:

Հովսեփյանը միաժամանակ հիշեցրել է, որ խոսքը մի պետության կողմից կայացրած որոշումը մեկ այլ պետության կողմից կատարելու մասին է: Եւ դա այն ժամանակ, երբ բոլոր հանդիպումներին, կոնֆերանսներին քննարկվում էր համագործակցության աշխուժացման հարցը: Ինչպես ընդգծել է Հայաստանի գլխավոր դատախազը, ոչ թե ներում է տեղի ունեցել, այլ հանցագործի արդարացում, քանի որ հենց արդարացման դեպքում են հանցագործին բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցում տրամադրում` աշխատավարձ, կոչման բարձրացում: Ադրբեջանում ոչ միայն վնասն է փոխհատուցվել, այլեւ մարդասպանը վերածվել է հերոսի:

«Ցավալի է, որ Երկիր մոլորակում ազգ կա, որի ներկայացուցիչը հերոսի է վերածվում միայն այն բանի համար, որ կացնահարել է քնած մարդուն », - նկատել է գլխավոր դատախազը:

Ըստ Աղվան Հովսեփյանի` իրավական դաշտում լուրջ խախտում է կատարվել, քանի որ ոչ մի նախագահ իրավունք չունի ներել այլ պետության դատարանի կողմից դատապարտված մարդուն` առանց դատարանի թույլտվության: «Դա կոպիտ սխալ է , որը խախտում է Ադրբեջանի ՔՕ-ի 521 հոդվածը: Իսկ Իլհամ Ալիեւը չի սպասել ադրբեջանական դատարանի որոշմանը` չնայած որ հանցագործին կարող էր  արդարացնել միայն դատարանը, այլ ոչ թե նախագահը», - նշել է նա: Հայաստանի գլխավոր դատախազը շնորհակալոթյուն է հայտնել նաեւ իր նախկին գործընկեր Հունգարիայի  գլխավոր դատախազին, որը չնայած հիմա թոշակի է անցել, սակայն դիմել է հայկական համայնքին եւ խնդրել է ներողություն փոխանցել  Հունգարիայի ամբողջ իրավական համակարգի կողմից:  «Ժամանակին, շնորհիվ նրա ջանքերի, մեզ հաջողվել էր հասնել հանցագործի դատապարտմանը», - հիշեցրել է Աղվան Հովսեփյանը:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին:

Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին եւ ազգային հերոսի մեծարանքի արժանացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: