2012 թ. հուլիսի դրությամբ հայաստանյան առեւռտրային բանկերը տրամադրել են 15.5 մլրդ դրամի (մոտ 40 մլն դոլար) ավտովարկ: Ընդ որում՝ միայն մեկ ամսվա ընթաթցում ավտովարկերի ծավալը նվազել է 1 մլրդ դրամով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 2.3 մլրդ դրամով:

Ավտովարկերի կառուցվածքում անշեղորեն նվազել են դոլարային վարկերը՝ դրանց տեսակարար կշիռը 2012 թ. հոլիսի դրությամբ իջել է մինչեւ 0.2%, տարեսկզբի 3.3%-ի համեմատ:

Հարկ է նշել, որ ավտովարկերի պայմանները տարբերվում են ոչ միայն ըստ բանկերի, այլեւ՝ ըստ վաճառքներն իրականացնող ընկերությունների:

Պայմանները ներառում են հետեւյալ 3 կետերը՝ կանխավճարի նվազագույն չափ,  մարման առավելագույն ժամկետ, տարեկան նվազագույն տոկոսադրույք: Առավել տարածված է հետեւյալ կոմբինացիան՝ կանխավճարի նվազագույն չափը 20% է,  մարման առավելագույն ժամկետ՝ 5 տարի, տարեկան նվազագույն տոկոսադրույք՝ 15%:

Ավտովարկերի նվազումը պայմանավորված է ավտոմեքենաների առաջնային շուկայի նկատմամբ հետաքրքրության անկումով եւ երկրորդային շուկայի (օգտագործված ավտոմեքենաների) նկատմամբ հետաքրքրության աճով: Քիչ դեր չի խաղում այն հանգամանքը, որ երկրորդային շուկայում տարածում են գտել, այսպես կոչված, «փակովի» գործարքները, երբ գնորդն ու վաճառողը փոխադարձ համաձայնությամբ սահմանում են տարաժամկետ վճարումների գրաֆիկ, իսկ գործարքը հաստատվում է նոտարի կողմից: