«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Ազգային Ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 10-ին ԱԺ նիստում հայտարարել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահը նշել է, որ ըստ կանոնակարգ-օրենքի, եթե Հովհաննիսյանը 15 օրվա ընթացքում ետ չվերցնի մանդատից հրաժարվելու դիմումը, ինքնաբերաբար հրաժարականը ընդունված կհամարվի եւ նա կզրկվի մանդատից:

Հովհաննիսյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրացուցակով, որի առաջին համարն էր: Դեռ ընտրություններից հետո լուրեր էին շրջանառվում, որ նա հրաժարվելու է մանդատից, իսկ դրա շուրջ քննարկումները «Ժառանգությունում» կայանալու էին սեպտեմբերին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի