«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ թե բենզինով, այլ ջրով պետք է հանգցնել: Այն համարվում է ամենավտանգավոր հակամարտություննեից մեկը տարածաշրջանում: Հրադադարի ռեժի խախտումից բացի, կրակոցներ ու զոհեր լինում են նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանագծում: Բացի այդ առկա է պատերազմ սկսելու հռետորաբանությունը: Սրան գումարվում է Սաֆարովի դեպքը, երբ մարդասպանն ուղղակի հերոսացվում է Ադրբեջանում: Այս ամենը կարող է մի ակնթարթում պայթել», -NEWS.am-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Բեռլինի Եվրոպական ակադեմիայի նախագահ Էքարթ Դ. Շթրաթենշուլթեն:
Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցին եւ Հայաստանի անելքներին՝ գերմանացի փորձագետը համոզմունք հայտնեց, որ սխալ էր հայ-հունգարական հարաբերությունների առկախումը:
«Հայաստանը սխալ որոշում է կայացրել՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հարցում: Ինչպես անձնական կյանքում, այնպես էլ քաղաքական դաշտում դժվարություններ առաջանալու դեպքում, պետք է միմյանց հետ զրուցել: Այս պարագայում դիվանագիտական ներկայացուցիչները կարեւոր նշանակություն են ձեռք բերում՝ անմիջական հաղորդակցության գործում: Ես հասկանում եմ Հայաստանի զայրույթը, սակայն հուզմունքն ու զայրույթը ամենավատ խորհրդատուներն են քաղաքական որոշումներ ընդունելու համար: Շարունակվող բողոքի ակցիաներն այն կոչերով, որ Հայաստանը դուրս կգա ղարաբաղյան հակամարտության բանակցություններից կամ կդադարեցնի ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն եւ այլ, միայն կմեկուսացնեն Հայաստանը: Իսկ այս պարագայում շահողը կդառնա Ադրբեջանը»,- նշել է Շթրաթենշուլթեն:





























