Երեւանում արձանագրություն է ստորագրվել ԱՄՆ-ի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ Թմրանյութերի վերահսկողության եւ Հայաստանի իրավական համակարգի զարգացման  ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ժամկետը երկարացնելու մասին: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ  Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը:

Աղվան Հովսեփյանի խոսքով` ծրագրի իրականացման համար, այսօր ստորագրված փաստաթղթի շրջանակում, ամերիկյան կողմը կհատկացնի 2,5 մլն դոլար:

Գումարը կուղղվի փորձագիտական կենտրոնի զարգացմանը, թրաֆիքինգի եւ կաշառակերության դեմ պայքարին, քրեակատարողական համակարգի  զարգացմանը եւ նոր ՔՕ-ի  մշակմանը:

Իր հերթին Ջոն Հեֆերնը գոհունակություն է հայտնել տվյալ ոլորտի զարգացման առնչությամբ եւ նշել է, որ դա երկկողմ համագործակցության կարեւոր մասն է:

Սա արդեն 14-րդ համանման փաստաթուղթն է 2001 թվականի հունիսի 11-ի Համաձայնագրի ստորագրելու պահից: Անցած տարիների ընթացքում, տվյալ փաստաթղթի շրջանակում, Հայաստանի իրավապահ մարմինների համակարգի զարգացմանը  Հայաստանում թրաֆիքինգի եւ կաշառակերության դեմ պայքարին ԱՄՆ-ն հատկացրել էր 12 միլիոն դոլար: