«Բարգավաճ Հայաստանից» ակնկալում են կարեւոր հարցերի վերաբերյալ հայտարարություն, սակայն այն այդպես էլ չի հնչում: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 10-ին լրագրողներին հայտնել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:
Ըստ նրա` արդեն մեկ տարի է Հայաստանում քաղաքական աշխուժությունը ԲՀԿ-ի շուրջ է կենտրոնացել: «Ժամանակին իշխանությունները փորձում էին ուժեղացնել այդ կուսակցության ազդեցությունը: Ինչ-որ պահ սկսել էր իր փուչիկը ուռճացնել նաեւ ընդդիմությունը: Այժմ էլ բոլորն սպասում են, թե ինչպես կարտահայտվի «Բարգավաճ Հայաստանը», իսկ նա այդպես էլ չի արտահայտվում: Օրինակ, Ռամիլ Սաֆարովի հարցով կուսակցությունը լռում է: Գագիկ Ծառուկյանը ոչինչ չի ասում, քանի որ չի էլ կարող: Ամբողջ հարցն էլ հենց դրանում է, որ նա պետք է որեւէ բան ասի», – նշել է Սարգսյանը: Ըստ նրա` կուսակցության պասիվությունը գալիս է ներուժի բացակայությունից, առանց որի այն որեւէ բան ասել չի կարող:
Արդյունքում հայ հանրությանը քիչ է հետաքրքրում, թե Սաֆարովի հարցի մասին ինչ կասի տեղական քաղաքական վերնախավը: «Բոլորը նայում են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմը, գուշակություններ են անում, թե ինչու դեռեւս չի արտահայտվել Պուտինը: Մի խոսքով պատասխանի են սպասում բոլորից, բացի իրենց քաղաքական գործիչներից», – եզրափակել է Սարգսյանը:





























