«Արմավիայում» չհերքեցին, բայց եւ չհաստատեցին ընկերության նոր սեփականատիրոջ մասին լուրերը:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, «եթե ինչ-որ բան ստորագրվի, բոլորն անպայման կիմանան»` հավելելով, որ դա «հայտնի կդառնա նոր բաժնետիրոջ ցանկության դեպքում»: Ավետիսովան ինքն ընդգծեց, որ այդ հարցի վերաբերյալ իրեն ոչինչ հայտնի չէ: «Չեմ կարող ասել: Ես մամուլի քարտուղար եմ: Սովորաբար ես առաջին հերթին եմ ամեն ինչ իմանում լրագրողներից», - նկատել է նա` հավելելով, որ կյանքում ամեն ինչ հնարավոր է:
«Արմավիայի» սեփականատերն է Միխայիլ Բաղդասարովը: 2001 թվականին MIKA LIMITED-ը ձեռք էր բերել ավիաընկերությանը պատկանող բաժնետոմսերի կեսը: 2005 թվականին Միխայիլ Իվանովիչը դարձավ լիիրավ սեփականատեր: «Արմավիայի» նոր սեփականատիրոջ մասին լուրերը կապված են ֆինանսական դժվարությունների հետ:
Այսպես, վերջերս «Արմավիան» հրաժարվել է Sukhoi SuperJet 100 (SSJ-100)-ի երկրորդ ինքնաթիռի գնումից: Ավիաընկերությունում չեն ճշտել նման որոշման պատճառը: Մինչդեռ աղբյուրը լրագրողներին պատմել է, որ ավիաընկերությունը հրաժարվել էր գնումից ֆինանսական դժվարությունների պատճառով: Ըստ նույն աղբյուրի` «Արմավիան» նույնիսկ առաջին SSJ-100-ն է գրավ դրել:




























