«Ժառանգություն» կուսակցության առաջնորդի` պատգամավորական մանդատը վայր դնելու  հայտարարությունը անակնկալ չէր: Այս մասին այսօր` սեպտեմբերի 10-ին լրագրողներին հայտնել է Ազգային Ժողովի փոխխոսնակ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Իհարկե ես չէի սպասում, բայց դա ինձ համար անակնկալ չէր»,-ասել է նա` նշելով, որ վերջին տարում Հովհաննիսյանը իր գործունեությամբ ակնարկում էր, որ նրանից կարելի է  նման բան սպասել:

Միեւնույն ժամանակ «ժառանգություն» կուսակցության անդամ  Զարուհի Փոստանջյանը եւ խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանը հրաժարվել են մեկնաբանել Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարումը, քանի  որ կուսակցության մամուլի ծառայությունը այս հարցով շուտով հանդես կգա հատուկ հայտարարությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ այսօր Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հաղորդել է  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատից հրաժարվելու հայտարարությունը: Խորհրդարանի կանոնակարգի համաձայն, եթե նա 15 օրվա ընթացքում հետ չվերցնի իր հայտարարությունը, ապա կզրկվի պատգամավորի կարգավիճակից: