ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիյա Ամանոն պահանջում է անմիջապես ապահովել կազմակերպության փորձագետների անարգել մուտքը  ատոմային Փարչին օբյեկտի տարածք:

Գործակալությունը կարծում է, որ Փարչինում Իրանը կարող է պայթուցիկ սարքերի փորձարկումներ իրականացնել, որոնք կապ ունեն միջուկային զենքի հնարավոր ստեղծման հետ, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն մտահոգություն էր հայտնել Թեհրանի մոտ գտնվող Փարչինում «գործունեության աշխուժացման նշանների հետ կապված» եւ ընդգծել էր այնտեղ փորձագետներ ուղարկելու  անհրաժեշտությունը: Ըստ նրա` արբանյակների տվյալները վկայում են, որ այնտեղ ոչնչացվում են  շինություններ: Ստացված տվյալները խիստ մտահոգում են ԱԷՄԳ-ին եւ  ստիպում են կարծել, որ  Իրանը փորձում է մաքրել ռազմակայանը ցանկացած կասկածելի օբյեկտից` այնտեղ վերահսկիչների հայտնվելուց առաջ: 

Իրանը հերքում է ԱԷՄԳ-ի մեղադրանքները, ըստ որոնց Թեհրանը միջուկային փորձարկումներ է իրականացրել Փարչինում:

Ավելի վաղ ԱԷՄԳ-ի փորձագետները զեկույց էին տարածել, որ վերջին 2 տարիներին իրանական արդյունաբերությունը արտադրել է 189 կգ մեծ չափով հարստացված ուրան: Հիմնական տարաձայնությունները նախկինի պես լուծված չեն: