Ադրբեջանը շփոթեցրել է Հունգարիային,  ասվում է Հունգարիայի միջազգային գործերի ինստիտուտի գաղտնի զեկույցում` Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված: Զեկույցը հունգարական լրատվամիջոցների տրամադրության տակ է հայտնվել:

Զեկույցում նշվում է, որ վարչապետ Վիկտոր Օրբանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ վերջինս նրան երաշխավորել է, որ Սաֆարովը հայրենիքում բանտում կպահվի, գրում է հունգարական nol.hu կայքը:

Զեկույցի հեղինակները նշում են, որ Ադրբեջանը ցանկանում է սխալ տպավորություն ստեղծել մարդասպանի ազատման հարցում Հունգարիայի համաձայնության մասին:  Ադրբեջանն այժմ շատ կարեւոր է Հունգարիայի համար, այդ պատճառով էլ Բուդապեշտը չի կարող բացահայտ ասել, որ Ադրբեջանի նախագահը խաբել է Օրբանին:

Զեկույցում նաեւ նշվում է, որ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ հարաբերությունները սառը կմնան:

Մինչդեռ Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի վարիչ Ալի Հասանովը հայտարարել էր, որ Հունգարիայի ղեկավարությունը գիտեր Ռամիլ Սաֆարովի հնարավոր ներման մասին: 

Նշենք, որ միջազգային հանրության` այս իրադարձության հետ կապված բուռն արձագանքից հետո Հունգարիայի իշխանությունները ծավալել են իրենց «անտեղյակությունը» ցուցադրելու  մի ամբողջ գործողություն: Սակայն հայկական կողմը չի հավատացել նաեւ, որ հունգարական կողմը տեղյակ չէր Ռամիլ Սաֆարովին ներելու Ադրբեջանի մտադրությունների մասին: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օգոստոսի 31-ին Հայաստանը դադարեցրել էր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ այն բանից հետո, երբ հայտնի էր դաձել, որ հայ սպայի սպանության համար Հունգարիայում դատապարտված ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը արտահանձնվել էր Ադրբեջան, որտեղ էլ ազատություն էր ստացել: