Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցից հետո այնտեղ է ծրագրում այցելել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այդ մասին «APA»-ին հայտնել է Ռուսաստանի Իսլամական Կոմիտեի նախագահ, Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի քաղաքագետ Հեյդար Ջամալը՝ վկայակոչելով վստահելի աղբյուրները:

«Հայ-թուրքական հարաբերություններն այսօր տարածաշրջանի գլխավոր ինտրիգն են: Քանի որ նոր քառյակ է ձեւավորվում՝ բաղկացած Անկարայից, Մոսկվայից, Երեւանից եւ Թեհրանից, այդ քառյակը բնականաբար չի բավարարում ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ Միացյալ Նահանգներին»,- ասել է նա:

Ջամալի կարծիքով, գլխավոր հարցն այն է, թե որքանով է լուրջ այդ քառյակը:

Խոսելով Էրդողանի Երեւան կատարելիք այցի մասին՝ Ջամալը կանգ է առել հարցի վրա, թե լուրջ խնդիրներ կան Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետ կապված: «Կարծում եմ՝ սուր քննարկում կլինի: Գլխավորը Իրանի հետ փոխհարաբերությունների խնդիրն է, քրդական հարցը, եւ, իհարկե, Ղարաբաղի ճակատագրի հետագա քննարկումը»: