Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը վերապահումով է մոտենում կառավարություն հասցեին հնչեցվող սուր քննադատությանը, որովհետեւ երկրում ստեղծված իրավիճակի պատասխանատուն, ըստ նրա իշխող քաղաքական ուժն է: Իսկ կառավարությանը քննադատելով` քավության նոխազ են դարձնում մի թիմի, որը քաղաքական ուժի գործիքներից մեկն է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 10-ին հրավիրված ասուլիսին ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Նրա խոսքով, իրականում նրանք մի թիմ են, որոնք մաքուր են եւ մխրճված չեն այն հարաբերությունների մեջ, որտեղ իրենց դրսեւորում են քաղաքական վերնախավը` բիզնես, օլիգարխիա եւ այլն, եւ այլն: «Հիմա այս թիմին ուզում են քավության նոխազ դարձնել: Այնինչ իրականում նրանք շատ հնարավորություն էլ չեն ունեցել: Կա քաղաքական ուժ, որը պատասխանատու է ստեղծված իրավիճակի համար սկսած մարտի 1-ից, տնտեսական իրավիճակից եւ այս զարգացումները կապված Սաֆարովի հետ: Ինչը ես որպես հայ մարդ անձնական ապտակ եմ ընդունում: Կրկին շեշտում եմ, որ պատասխանատուն այն քաղաքական ուժն է, որը 15 տարի է քայքայում է այս երկիրը եւ ոչ մի պատասխանատվություն չի ցանկանում ստանձնել: Իսկ ընտրությունից, ընտրություն ավելի շատ ձայն է հավաքում, ինչը աբսուրդ է, զավեշտ է»,- պարզաբանեց Բագրատ Ասատրյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը Մանվել Բադեյանն էլ արձագանքեց, որ ընդդիմությունը քննադատելով հանդերձ մոռանում է, որ այդ ձայները ժողովուրդն է տալիս: «Այդ գնահատականը իրենց կեղծ գնահատականն է: Իսկ ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալ դա երեւում է ընտրությունների արդյունքում: Դա չի կարելի բացատրել քրեական տարրերով կամ ոստիկանությամբ: Վերջ տվեք այդ ձեր մեղադրանքներին, որովհետեւ չափանիշը հենց ընտրություններն են եւ վերջ»,- ավելացրեց Մանվել Բադեյանը: Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին Բագրատ Ասատրյանը, թեեւ նշեց, որ ոչ մի նախադասություն չունի ասելու, քանի որ իրականում իշխող քաղաքական ուժ կա եւ բոլոր ապօրինի միջոցով փորձելու են վերարտադրվել: « Իզուր այսքան ծախս է արել: Գործող իշխանության հենարանը փողն է, որը բավարար չափերում է, ոստիկանությունը, որը օրենքից դուրս է եւ քրեական աշխարհը: Բնակչությունը ձերը չէ: Բնակչությունը այն մարդիկ են, որ տարեկան տասնյակ հազարով լքում են եւ անգամ լքած վիճակում են քվեարկում»,- նշեց Բագրատ Ասատրյանը եւ ավելացրեց, որ Հայաստանում համայնքապետի միակ գործառույթը դա ընտրությունների կազմակերպելն է եւ հաջորդ ընտրություններին իշխողի համար ձայն ապահովելը: Բագրատ Ասատրյանը նաեւ նշեց, որ իրենք իրենց ռեսուրսը նպատակաուղղելու են նախագահական ընտրություններին: Մանվել Բադեյանն էլ պատասխանելով Բագրատ Ասատրյանին ընդգծեց. «Ես հասկանում եմ այն ողբը, որը ընդդիմությունը ներկայացնում է պարտվելուց: Նորից եմ կրկնում, որ ընտրությունը յուրաքանչյուրը կատարում է փակ գաղտնի քվեարկության արդյունքում: Իսկ այդքանից հետո ասել, թե այդ մարդու վրա կարող են ազդել ՀՀԿ-ականները, կաշառքը նշանակում է այդ մարդու դերը նվաստացնել եւ դարձնել կառավարվող անասուն: Այդպիսին չէ, ոչ հայ մարդը, ոչ հայ ժողովուրդը ամբողջովին: Ընդդիմությունը պատճառը պետք է փնտրի իր մեջ: Ավելին, իմաստ չունի հաղթել նախագահական ընտրություններում, եթե դու չունես ՏԻՄ մարմիններում քաղաքական մեծամասնություն»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























