Շնորհավորելով Հայաստանի Շախմատի հավաքականին համաշխարհային օլիմպիադայում փայլուն հաղթանակի համար` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել` շախմատիստներին դիմավորելու եւ մշակութային համապատասխան ծրագիր կամզակերպելու ուղղությամբ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման եւ ընդլայնման ծրագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարությամբ շարունակվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից, ինչպես նաեւ Նորքի, Դալմայի այգիների եւ անտառաշերտով պատված այլ տարածքների ոռոգման աշխատանքները: Զեկուցվել է, որ Ծիծեռնակաբերդի տարածքում արդեն իսկ ոռոգվել է շուրջ 40 հեկտար տարածք:
Քամիների ժամանակ ծառերի տապալման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է կազմակերպել սանիտարական էտման աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում նաեւ տապալման վտանգ ներկայացնող ծառերը փոխարինել նորերով:
Շինարարական հրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումը ապահովելու եւ բետոնախառնիչ մեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու ուղղությամբ շարունակվող հսկողության արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց մասով կազմվել են վարչական արձանագրություններ:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը, նախորդ շաբաթ կայացել է 5 երթուղիների մրցույթ: Զեկուցվել է նաեւ, որ մինչեւ 2013 թվականի առաջին եռամսյակի ավարտը մայրաքաղաքում նկատելիորեն կնվազի միկրոավտոբուսների քանակը` դրանց փոխարեն շահագործման հանձնելով ներկրված եւ ներկրվող ավտոբուսները:
«Մեր քաղաքացիների համար պետք է ապահովենք հարմարավետ ու անվտանգ պայմաններ հասարակական տրասպորտի սպասարկման ոլորոտում` ապահովելով համապատասխան կազմակերպությունների կողմից անհրաժեշտ պահանջների կատարումը»,-նշել է քաղաքապետը:
Զեկուցվել է նաեւ, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` արգելելու համար չթույլատրված վայրերում, մասնավորապես հասարակական տրանսպորտի կանգառներում եւ կամարանցումներում ավտոմեքենաների կայանումը:





























