Հայաստանի ՏԻՄ ընտրությունները ընթացել են նորմալ, ժողովրդավարական հունով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 10-ին հայտնել է խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ ընտրությունների ընթացքում  տեխնիկական մի շարք խնդիրներ են ի հայտ եկել:

Նրա խոսքով` Հայաստանի ոստիկանությունը, Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ, շատ օպերատիվ է արձագանքել ընտրախախտումների մասին ահազանգերին: Օպերատիվ է արձագանքել նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունն այն մասին, որ  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կայանալիք նախագահական ընտրությունների մանրակերտն էին, Շարմազանովը նշել է. «Շատ հարգում եմ իմ գործընկերոջը, սակայն պետք է նշեմ, որ  խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունն այնքան ձայներ էր հավաքել,  որքան  որ չէր հավաքել կուսակցության պատմության  ընթացքում: Կարծում եմ, որ այդ կուսակցության անդամները հոգու խորքում գոհ են ընտրությունների արդյունքից:  Եթե գոհ չեն, որ Գյումրիի քաղաքապետ է դարձել իրենց կուսակցության անդամը, ապա դա արդեն այլ հարց է»:

Ի պատասխան այն հարցին, թե չի անհանգստացնում ՀՀԿ-ին այն հանգամանքը, որ նախագահական ընտրությունների շեմին երկրորդ քաղաքի քաղաքապետ է դարձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը, փոխխոսնակն ասել է, որ դա նորմալ է:  «Իսկ դուք ինչ է, որոշեցիք, որ «Բարգավաճ Հայաստանը» նախագահական ընտրություններին չի՞ պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:

Ի պատասխան լրագրողների  ճշտող հարցին, թե արդյոք «Բարգավաճ Հայաստանը» հայտարարել է գործող նախագահի թեկնածությունն աջակցելու մասին, Շարմազանովը հայտարարել է.  «Կապրենք, կտեսնենք: Երբ Հայաստանի նախագահը Գյումրի էր այցելել, նա հայտարարել էր, որ «Բարգավաճ Հայաստանը»   թշնամի կուսակցություն չէ, եւ Սամվել Բալասանյանն օտար մարդ չէ: Գյումրիի քաղաքապետի` Սամվել Բալասանյանի թեկնածությունն առաջարկել է նախագահը, իսկ առաջադրել է կուսակցությունը, եւ այստեղ հակասություն չկա, կարեւորը քաղաքի շահերն են»: