«Ժառանգությունը» դեռեւս չի քննարկել, թե կուսակցության ցուցակից ով կստանձնի պատգամավորական մանդատը, որից հրաժարվել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Միեւնույն ժամանակ Հակոբյանը չի մեկնաբանել Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատը վայր դնելու որոշման շարժառիթները` հայտնելով, որ կուսակցության հայտարարության մեջ դրա մասին ասված է պարզ եւ հստակ ձեւով: Նշենք, որ համաձայն «Ժառանգություն» կուսակցության ցուցակի հերթականության` հաջորդը Թեւան Պողոսյանն է, Մասիս Այվազյանը, եւ Ստեփան Սաֆարյանը: Սակայն, լուրեր են պտտվում, որ Թեւան Պողոսյանը ինքնաբացարկ է ներկայացրել:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ այսօր Հայաստանի Ազգային Ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հաղորդել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատից հրաժարվելու հայտարարությունը: Խորհրդարանի կանոնակարգի համաձայն, եթե նա 15 օրվա ընթացքում հետ չվերցնի իր հայտարարությունը, ապա կզրկվի պատգամավորի կարգավիճակից:





























