«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը կվերցնի անկուսակցական Թեւան Պողոսյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:
Նա նշեց, որ համամասնական ցուցակով հաջորդը Թեւան Պողոսյանն է, հետեւաբար` այս պահի դրությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը կվերցնի հենց ինքը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Ազգային Ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից: Այդ մասին ԱԺ նիստում հայտարարել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ըստ կանոնակարգ-օրենքի` եթե Հովհաննիսյանը 15 օրվա ընթացքում ետ չվերցնի մանդատից հրաժարվելու դիմումը, ինքնաբերաբար հրաժարականը ընդունված կհամարվի եւ նա կզրկվի մանդատից: Հովհաննիսյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրացուցակով, որի առաջին համարն էր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններով «Ժառանգությունը» եւ «Ազատ դեմոկրատները» կուսակցությունները հանդես էին եկել միասնական ցուցակով, որում ընդգրկված էին թե երկու կուսակցություններից ներկայացուցիչներ, թե հասարակական սեկտորի ներկայացուցիչներ:





























