ՀԱՊԿ ԱԱՀՈՒ «Փոխգործակցություն – 2012» ուսումնավարժանքներին շուրջ երկու հազար մարդ կմասնակցի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Այդ ուսումնավարժանքների փիլիսոփայության հիմքում այն է, թե ինչպես է կարելի փոքր ուժերով արագ եւ արդյունավետ արձագանքել իրավիճակին», - նշել է Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով` ուսումնավարժանքներին կկիրառվեն սպառազինությունների տարբեր տեսակներ, թեթեւ զրահատեխնիկա: Նախնական սցենարով` ԱԱՀՈՒ ուժերը պետք է կանխեն պայմանական հակառակորդի հարձակումը եւ անցնեն հակահարձակման:

Հիշեցնենք, ուսումնավարժանքները Հայաստանի տարածքում կանցկացվեն սեպտեմբերի 15-19-ը։ Մասնակցելու համար արդեն ժամանել են ՌԴ ստորաբաժանումները  (շուրջ 300 մարդ), Ղազախստանի (46) եւ Բելառուսի (73) ստորաբաժանումները։

Ուսումնավարժանքներին նախատեսվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ 6 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի եւ Ղրղըզստանի ԱԱՀՈՒ ազգային ուժերի մասնակցությունը։

Ուսումնավարժանքների թեման  է «Կովկասի տարածաշրջանում հավաքական անվտանգության ուժերի եւ միջոցների համակարգի գործադրումը ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի մասնակցությամբ»։