ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններին պետք է մոտենալ մեր քաղաքական առաջնահերթությունների տեսակետից: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով այն դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ի զորավարժությունները հաջորդում են տարածաշրջան ՆԱՏՕ-ի ղեկավարի այցին:
«Մենք հաջող համագործակցում ենք բոլորի հետ, իրագործում ենք տարբեր նախագծեր եւ ծրագրեր», - ընդգծել է մամուլի քարտուղարը:
Ըստ նրա` Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ հիմնականում կենտրոնացած են խաղաղարարական առաքելության եւ կրթական ծրագրերի վրա, բացի դրանից, կարեւոր բաղադրիչներ կարող են համարվել երկկողմ խորհրդատվությունները, փորձի փոխանակությունը, ինչպես նաեւ հայ զինծառայողների մասնակցությունը ժամանակակից նախագծերում: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա ներկայիս գնահատականը, նաեւ` ապագայի կանխատեսումը ցույց է տալիս, որ անվտանգության միջավայրը հնարավոր է ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության դեպքում, որի հիմքում ընկած է հայ-ռուսական ռազմավարական միությունը:




























