Հայաստանի էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան, «ԱրմենՏել» (ապրանքանիշը  Beeline) եւ Nakoil  (ապրանքանիշը  Motul) ընկերությունների աջակցությամբ կազմակերպեց հիդրոցիկլետների առաջին  սիրողական մրցավազքը Հայաստանում:

Մրցավազքը տեղի ունեցավ սեպտեմբերի 9-ին, Սեւանա լճում, ջրային մոտոցիկլետների երկու դասում` մինչեւ 255 եւ ավել ձիաուժ հզորությամբ: Միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 20 մարզիկ, ովքեր մրցում էին օլիմպիական համակարգով 1200 մետր երկարությամբ ջրային մրցուղով: «A» դասում հիդրոցիկլետների առաջին սիրողական մրցավազքի հաղթողներ դարձան Դավթյան Ռաֆին, Բաղդասարյան Շավարշը եւ Ավետիսյան Վաչիկը, իսկ «B» դասում` Գոնչոյան Գրիշան, Սարգսյան Գարուշը եւ Հովակիմյան Հակոբը, ովքեր համապատասխանաբար գրավեցին առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը:

«Հաճելի է տեսնել, որ «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ Հայաստանում էքստրեմալ մարզաձեւերն ավելի ու ավելի հայտնի են դառնում: Միջոցառման հյուրերն իրենց համար Հայաստանում բացահայտեցին ջրամոտորային նոր սպորտաձեւ եւ մենք հույս ունենք, որ հիդրոցիկլետների մրցությունը կբարձրացնի հայ երիտասարդների հետաքրքությունը ջրային սպորտի եւ ակտիվ հանգստի հանդեպ, ինչպես նաեւ Սեւանա լճի զբոսաշրջային գրավչությունը», -  նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Այս մրցությունը ցույց տվեց, որ Հայաստանում կան հիդրոցիկլետների մրցավազքի սիրահարներ, որոնց հարուստ ներուժը կարող է բացահայտվել հետագա մրցույթներում: Մասնակիցների խոսքով նրանք պատրաստ են ապագայում նույնպես մասնակցել նման մրցույթների, որը հնարավորություն կտա հետագայում անցկացնել ոչ միայն սիրողական այլ նաեւ արհեստավարժ մակարդակի մրցումներ», - ասաց Հայաստանի էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ  Արտաշես Ստեփանյանը:

Միջոցառմանն աջակցել էին նաեւ Vitesse и Flash ընկերությունները: