Քանաքեռի զորամասում  սեպտեմբերի 9-ի գիշերը մահացած զինծառայող Արման Սարգսյանը Բյուրակնի գյուղապետ Սեյրան Սարգսյանի որդին է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  այդ ընտանիքի հարազատներից, Ողջիի գյուղապետ Սարգիս Ավագյանը:

Նա տեղեկացրեց, որ Արմանը ընտանիքի կրտսեր զավակն էր, ուներ մեկ եղբայր եւ երկու քույր:  Արման Սարգսյանը ավարտել էր Գյումրիի Մանկավարժական համալսարանը` փրկարարան գործ մասնագիտությամբ: «Շատ նորմալ, խելացի, կրթված երեխա էր` ընտանիքով, հայրիկով, մայրիկով»,- ասաց նա:

Սարգսի Ավագյանի խոսքով` դեպքը ոչ ինքնասպանություն է, ոչ սպանություն, պարզապես  նրա` զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանք: Այդ ամենում Արմանի հոր ընկերը մեղադրում է ուսումնական հաստատաություններին` երեխաներին զենքի հետ վարվեցողություն լավ չսովորեցնելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի կայազորում տեղակայված զորամասերից մեկից ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում  ստացվել է հաղորդագրություն,  համաձայն որի  2012թ սեպտեմբերի 9-ին  ժամը 02:15-ի  սահմաններում   ժամապահի պարտականությունները կատարելիս`  պահակային ծառայությունում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային  Արման Սեյրանի Սարգսյանի դին: Նախնական տվյալներով ինքնասպան եղած վիճակում: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, այլ անհետաձգելի քննչական գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայութան 4-րդ կայազորային բաժնում ՀՀ Քրօրի 110 հոդվածի 1-ի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն  (Ինքնասպանության հասցնել):

Արման Սարգսյանը  զորակոչվել է 2011 թվականի գարնանը Աշոցքի զինկոմիսարիատից եւ պետք է զորացրվեր մի քանի ամսից` նոյեմբերին: