Արտաշատի պահածոների գործարանը («Արտֆուդ») կրկին ուշացնում է հուլիս-օգոստոս ամիսներին մթերված լոլիկի դիմաց վճարումները Արարատյան դաշտի գյուղացիական տնտեսություններին: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Այգավան գյուղի բնակիչները, որոնք խաղող էին հանձնում Երեւանի կոնյակի գործարանին:

Գյուղացիները ցանկանում էին իրենց բողոքը հայտնել Այգավան ժամանած ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, սակայն վերջին պահին որոշեցին խաղողի մթերման գործընթացը «չխառնել» լոլիկի հետ: Նշենք, որ Ս. Կարապետյանը «Արտֆուդի» նախկին տնօրենն է:

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան` Ս. Կարապետյանն ասաց, որ Բորոդինոյի վերամշակման գործարանի մեղքով «Արտֆուդն» ավելի շատ է լոլիկ ու դեղձ մթերել, քան նախատեսում էր սեզոնի սկզբում: Բացի այդ` «Արտֆուդը» լոլիկի մթերման գին է սահմանել 35 դրամը` 1 կգ-ի համար, իսկ Բորոդինոյի գործարանը` 30 դրամ: Բացի այդ` Բորոդինոյի գործարանն ընդհանրապես դեղձ չի մթերել: Այդ պատճառով էլ Արարատի մարզի գյուղացիները նախընտրում էին «Արտֆուդին»: Արդյունքում` ընկերությունում շրջանառու միջոցների պակաս է գոյացել: Սակայն գյուղնախարարը խոստացավ, որ ժամանակի ընթացքում բոլոր գյուղացիներն էլ կստանան իրենց հասանելիք գումարները:

Նշենք, որ «Արտֆուդը» վճարումների ուշացումներ ուներ նաեւ 2011 թ. մթերումների դիմաց, ու կարողացավ պարտքերը մարել միայն 2012 թ. առաջին եռամսյակում: