Ամերիկյան «Blue Toad» հրատարակչական ընկերությունը հայտարարել է «Apple» ընկերության սարքավորումների տվյալների արտահոսքի մասին, որոնք հրապարակվել էին սեպտեմբերի սկզբին` «AntiSec» խմբի հաքերների կողմից, հաղորդել է NBC News-ը:

Ընկերության ղեկավար Փոլ Դեհարթի խոսքով` հաքերների կողմից հրապարակված ֆայլերն ու ընկերության սերվերներում պահվող տեղեկությունները համընկնում են 98 տոկոսով: «AntiSec»-երը պնդում էին, որ ֆայլերը գողացվել են ՀԴԲ հատուկ գործակալ Քրիսթոֆեր Սթենգլի համակարգչից: Դեհարթը նկատել է, որ առայժմ չի հասկանում, թե ինչպես են գողացվել տվայալները սերվերից, ով է դա արել եւ ինչպես դրանք կարող էին հայտնվել ՀԴԲ գործակալի համակարգչում: Ավելի վաղ հատուկ ծառայությունները հերքել էին համակարգիչը կոտրելու մասին տեղեկությունները եւ ընդգծել, որ երբեք չեն վերցրել հաքերների կողմից հրապարակված տեղեկությունները: «Apple»-ի ներկայացուցիչ Թրուդի Մալթերը հայտարարել է, որ «Blue Toad» ընկերությունը բջջային հավելվածների ծրագրավորողն է, ուստի մուտք ուներ UDID-ներին:

Նշենք, որ սեպտեմբերի 5-ին «Apple» հաղորդել էր, թե ՀԴԲ-ին տվյալներ չի փոխանցել օգտվողների սարքավորումների մասին: