Քաղաքական դաշտում պտտվող լուրերի համաձայն, երեկ ՀՀ թաքնված «ղեկավար» անձանցից մեկը` հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշ Բարսեղը, առանձնազրույց է ունեցել ՀՀ վարչապետի թիմակից պատգամավորների հետ ու ասել, որ ժամանակավորապես դադարեցվում է ՀՀԿ-ԲՀԿ «մենամարտը»: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Ըստ որոշ լուրերի, Ֆլեշ Բարսեղը պատգամավորական հատվածի իր վստահելիներին հավաստիացրել է, որ շատ կարճ ժամանակում քաղաքական դաշտի կնճռոտ խնդիրները կհարթվեն, եւ որ կլինեն այնպիսի կադրային տեղաշարժեր, որ որեւէ մեկի մտքով անգամ չի կարող անցնել: Իսկ երբ զրույցի մասնակիցները փորձել են հստակեցնել, թե կլինի՞ արդյոք վարչապետի փոփոխություն թե ոչ, եւ թե ինչքանով են լուրջ այն խոսակցությունները, որ մոտ ապագայում հնարավոր է փոփոխություններ լինեն նաեւ Աժ ղեկավար կազմում: Ըստ նույն լուրերի, Ֆլեշ Բարսեղը պատասխանել է, թե.«Վարչապետը կմնա իր տեղում, իսկ մյուսների մասով խորհուրդ կտամ ժամանակից առաջ չընկնել»:

Ստացվում է Էս երկրում բոլորը «ասող» են, իսկ հետաքրքիր է, տվյալ դեպքում կա՞ որեւէ մեկը, որ կարող է Ֆլեշ Բարսեղի «թանին թթու» ասել: Դժվար թե: Այլապես դժվար թե երկրի բարձրագույն պաշտոնները «դուրս գրվեն» Ֆլեշ Բարսեղի «դաբրոներից» հետո միայն»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։