Հերթական ապատեղեկատվություն։ Հարսնաքարում դաժան ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը այսպես է որակել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ օրերս  «Նյուվել դ՜Արմենի» պարբերականին տված հարցազրույցում արված այն հայտարարությունը, թե, իբր, իր հեռախոսազանգերը ստուգվել են, ինչով հաստատվել է, որ ինքը Ավետյանի սպանության հետ որեւէ կապ չունի։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Հարցազրույցում Հայրապետյանն ասել էր. «Կարող եմ ասել, որ իմ բոլոր հեռախոսազրույցներն ուսումնասիրվել են։ Լեւոնական պատգամավորները նույնիսկ պահանջեցին... Իմ հեռախոսազրույցների ուսումնասիրությունը չապացուցեց, թե ես տեղյակ եմ եղել»։

Փաստաբանը երեկ մեր թղթակցին ասել է, որ քրեական գործի նյութում չկա որեւէ փաստաթուղթ, որը կվկայեր Հայրապետյանի հեռախոսներն ու հեռախոսազանգերը ստուգելու մասին, մինչդեռ այդ գործողություններն անելու մասին փաստաբանները միջնորդել էին դեռեւս նախաքննության ընթացքում»,- գրում է «Հայկական ժամանակը»։