Իրանական միջուկային ծրագրի խաղաղ լուծման հնարավորությունը դեռեւս պահպանվում է, սակայն դա հավերժ չի: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է  Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:

«Նախագահի դիրքորոշումն այսպիսին է. Նա ձգտում է թույլ չտալ Իրանին ստանալ միջուկային զենք, եւ դա Իսրայելի հետ մեր ընդհանուր տեսակետն է», - ասել է նա:

Ըստ Քարնիի` ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ դեռեւս ժամանակ եւ հնարավորություն կա, որպեսզի այդ ջանքերն արդյունք տան:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է միջուկային ոլորտում Իրանի գործունեությանը:

«Մենք կիմանայինք, եթե Իրանին հաջողվեր ձեռքբերում ունենալ միջուկային զենքի ստեղծման գործում, սակայն դեռեւս դա չկա:  Այդ պատճառով էլ Իսրայելի հետ մեր ունեցած տեղեկության հիման վրա կարելի է  ասել, որ  ժամանակ դեռ կա դիվանագիտական ջանքերի համար», - նշել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հայտնում է Չինական տեղեկատվական համացանցային կենտրոնը, Իրանի թեման շոշափվել էր  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վերջին հատարարության հետ կապված, որը հրատապ է համարում Իրանի միջուկային խնդրում  «կարմիր գիծ» քաշելը:

Պատասխանելով լրագրողի հարցին` Քարնին վստահություն է հայտնել, որ  «կա ժամանակ եւ տարածություն, որպեսզի իրագործվող ջանքերն արդյունք տան»: