Ամերիկյան New York Times-ը երկուշաբթի օրը հրապարակել է Փիթեր Ռոթլանդի հոդվածը, որում կտրուկ քննադատության են ենթարկվել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի գործողությունները: NEWS.am-ը որոշակի կրճատումներով մեջբերում է հոդվածը:
«Վերջին օրերին խորհրդանշական երկու իրադարձություններ տեղի ունեցան, որոնք նպաստեցին Կովկասում ատելության մթնոլորտի խորացմանը:
2004 թվականին Գուրգեն Մարգարյանի սպանության համար Բուդապեշտում ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը օգոստոսի 31-ին 8 տարվա բանտարկությունից հետո վերադարձավ Բաքու:
Հունգարիայի կառավարությունը արտահանձնել էր բանտարկյալին Ադրբեջան, որից հետո Սաֆարովը ներման էր արժանացել նախագահ Իլհամ Ալիեւի կողմից, նորից անցել էր զինվորական ծառայության, ստացել էր մայորի կոչում, բնակարան եւ բանտում անցկացրած տարիների դիմաց զինվորական աշխատավարձ: Այդ գործողությունները դատապարտվեցին Վաշինգթոնի, Մոսկվայի եւ եվրոպական այլ մայրաքաղաքների կողմից:
Այսինքն, Ադրբեջանի կառավարությունը կարծում է, որ ճիշտ է հայերին սպանելը: Հավանաբար, 1992-94 թթ. պատերազմում պարտությունն այնքան հիմնավոր է, որ արդարացվում է նույնիսկ սպանությունը: Այս դեպքում դժվար կլինի Ղարաբաղում ապրող հայերին համոզել, որ իրենց հիմնախնդրի լուծումն Ադրբեջանիենթակայությամբ գտնվելն է:
Իրավիճակն ավելի լրջացավ, երբ սեպտեմբերի 3-ին Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հարգանքի տուրք մատուցեց Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւին` պսակ դնելով նրա հուշահամալիրին եւ խոնարհելով գլուխը:
Մորնինգսթարի այս ժեստը 2 սխալ ազդանշան է ուղարկում:
Առաջին հերթին, Ադրբեջանի դեմոկրատների համար վիրավորական է տեսնել, թե ինչպես է ԱՄՆ-ն այդպես խոնարհվում բռնապետությանը:
Երկրորդ, դա ազդանշան է Հայաստանին եւ Ռուսաստանին, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի քաղաքականության կողմնակիցն է: Կասպիական նավթը, Կենտրոնական Ասիա մուտքը եւ Իրանի դուրսմղումն ավելին են, քան մարդու իրավունքների եւ դեմոկրատիայի նման մանրուքները:
Դիվանագիտությունը կազմված է հենց նման խորհրդանշական քայլերից:
Երբ Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդը 1970թ. ծնկի իջավ Վարշավյան գետտոյի հուշարձանի առաջ, նա գործած դաժանությունների համար Գերմանիայի զղջման էջը բացեց: Այդկերպ նաեւ Վլադիմիր Պուտինը հստակ ազդանշան տվեց, երբ 2010թ. ծնկի իջավ Ստալինի հրամանով սպանված սպաների հուշարձանի առջեւ:
Կովկասում հենց նման առաջնորդներ են պետք, սակայն, ըստ երեւույթին, դեռ երկար պետք է սպասենք»:





























