Բաքվի Բինագադինի թաղամասում հարբած խուլիգանը դանակով ներխուժել է ոստիկանության բաժանմունք եւ հարձակվել ոստիկանների վրա, ինչի հետեւանքով 2 ոստիկան վիրավորվել են:
Ինչպես 1news.az-ին հայտնել են Բաքվի Բինագադինի թաղամասի ոստիկանության վարչությունից, դեպքը տեղի է ունեցել այս գիշեր: Անհայտ անձը դանակով ներխուժել է ոստիկանության բաժանմունք եւ հարձակվել ոստիկանների վրա:
Ոստիկանները պահանջել են դադարեցնել հակաօրինական գործողությունները, սակայն վերջինս չի ենթարկվել: Այդ ժամանակ խուլիգանի նկատմամբ ուժ է կիրառվել, սակայն նա դիմադրել է եւ վիրավորել 2 ոստիկանի` գնդապետ Թուրալ Իբրահիմովին եւ լեյտենանտ Սեյֆուդդին Աղաեւին: Խուլիգանը ձերբակալվել եւ զինաթափվել է:
Պարզվել է , որ նա Բաքվի բնակիչ Զաուր Մամեդովն է եղել (1976 թ. ծնված): Նա իր արարքը բացատրել է նրանով, որ ոստիկանները ձերբակալել են իր բարեկամին: Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:




























