Իրաքի նախկին փոխնախագահ Թարիկ ալ-Հաշիմին կարող է Թուրքիայում մնալ այնքան ժամանակ, որքան կցանկանա: Այս մասին սեպտեմբերի 11-ին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք պատրաստ ենք նրան մեզ մոտ ընդունել, որքան նա կցանկանա»,-հայտարարել է Էրդողանը` հանրային հեռուստաընկերության եթերից:

Ինքը` ալ-Հաշիմին իրաքյան դատարանի կողմից իր նկատմամբ ընդունած որոշումը «անարդար» է որակավորել եւ հերքել է բոլոր մեղադրանքները: Ալ-Հաշիմիի կարծիքով, դատարանի որոշումը ամբողջովին «քաղաքակն է, այլ ոչ դատաիրավական»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ սեպտեմբերի 9-ին Իրաքի վարչապետ  Թարիկ ալ-Հաշիմին ահաբեկչական գործունեության մեջ մասնակցության համար հեռակա կարգով մահվան է դատապարտվել: Նրա ձերբակալման թույլտվություն տրվել էր դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին, սակայն Թարիկ ալ-Հաշիմին հասցրել է թաքնվել Իրաքյան Քուրդիստանում` այդպես էլ չընդունելով իր մեղքը:

Գարնանը փախուստի դիմած քաղաքական գործիչը ժամանել է Քաթար, որը հրաժարվել է նրան Իրաք վերադարձնել: Ներկայումս Թարիկ ալ-Հաշիմին Թուրքիայում է: