Ադրբեջանցի մարդասպանի հայրենիք վերադարձնելու վերաբերյալ Հունգարիայի կառավարության որոշումն արդար էր: Այդ մասին սեպտեմբերի 10-ին Հունգարիայի խորհրդարանում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:  

Ինչպես հայտնում է հունգարական  «Politics.hu» կայքը, Օրբանը հերքել է ընդդիմադիր սոցիալիստների այն ենթադրությունը, թե Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու մասին կառավարության որոշման հիմքում եղել են ֆինանսական գործոններ: 

Նա ասել է, որ Հունգարիայում իրավաբանական փորձը  «միշտ եղել է եւ կմնա այնպիսին», որը թույլ է տալիս դատապարտյալին իր պատիժը կրել հայրենիքում, եթե նրա հայրենիքը նման խնդրանքով դիմում է: Ըստ Օրբանի`  կառավարությունը հաշվի է առել  միջազգային իրավունքի եւ դիվանագիտության նկատառումները:

Նշենք, որ սոցիալիստները կառավարությանը կոչ են արել բացահայտել Սաֆարովի արտահանձնմանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, իսկ օմբուդսմենը խնդրել է համակողմանի հաշվետվություն ներկայացնել:

Հիշեցնենք, Ռամիլ Սաֆարովը, որը  2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման, օգոստոսի 31-ին Հունգարիայից արտահանձնվել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: