Այսօր` սեպտեմբերի 11-ին Հայաստանի ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մոհամմադ Ռայիսիին։ Ողջունելով դեսպանին՝ ԱԻ նախարարը եւս մեկ անգամ հայտնեց իր ցավակցությունը վերջերս Իրանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հարազատներին եւ նշեց, որ մենք միշտ պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել։

«Ամենից առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ԻԻՀ ներքին գործերի նախարարին ցուցաբերած ջերմ ընդունելության համար,- ասաց դեսպան Ռայիսին,- մեր նախարարը ջերմ ողջույն է հղում Ձեզ եւ հրավիրում Թեհրան։ Ձեր այցելության համար կմշակվի հատուկ ծրագիր, որի շրջանակներում Ձեզ կուղեկցեն նաեւ Իրանի գեոֆիզիկայի կենտրոն` ծանոթանալու մեր սեյսմիկ պաշպանության համակարգին։ Շնորհակալություն եմ հայտնում նաեւ Իրանին մարդասիրական օգնություն ուղարկելու համար։ Հայաստանն առաջինն իր օգնությունն առաջարկեց մեզ, եւ մենք դա երբեք չենք մոռանա։ Մեր երկրների միջեւ ստեղծվել են ջերմ, բարեկամական հարաբերություններ եւ համագործակցությունը կարող է շատ արդյունավետ լինել»։

Զրույցի ընթացքում նախարար Ա. Երիցյանը նշեց փոխգործակցության այն ոլորտները, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի եւ Իրանի համար՝ հակակարկտային համակարգ, սեյսմիկ պաշտպանություն, հիդրոմետ ծառայություն, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, ճգնաժամային կառավարման կենտրոն եւ այլն։

«Մեր հակակարկտային համակարգերը կարող են տվյալների փոխանակում կատարել եւ օգնել միմյանց,- ասաց պարոն Երիցյանը,- Գառնու դիտարանում, որը գտնվում է ԱԻՆ ենթակայության տակ, կա աշխարհում եզակի դեֆորմոգրաֆ, եւ վերազինվելուց հետո դիտարանը դառնալու է տարածաշրջանային գիտական կենտրոն։ Կարող ենք կատարել ուսանողների փոխանակում, մասնագետների վերապատրաստում կամ համատեղ վարժանքներ անցկացնել։ Առաջարկում եմ նաեւ օն-լայն ռեժիմով միացնել նաեւ մեր ճգնաժամային կառավարման կենտրոնները, որպեսզի կարողանանք օպերատիվ կերպով տեղեկատվության փոխանակում իրականացնել։ Ձեր երկրում կան շատ հայեր, Ձեր հայրենակիցները նույնպես հաճախ են լինում Հայաստանում, եւ ունենալով բավականաչափ տեղեկատվություն` զբոսաշրջիկների թվի կամ երթուղիների վերաբերյալ, մենք կարող ենք ավելի լավ ապահովել նրանց անվտանգությունը»։

Մոհամմադ Ռայիսին հավաստեց, որ ԱԻ նախարարի նախանշած բոլոր ոլորտներն իրենց համար ընդունելի են, իսկ տեղեկատվության եւ փորձի փոխանակումը շատ օգտակար է ու կարեւոր։

Հանդիպման ավարտին Իրանի դեսպանն այցելեց ԱԻՆ նորակառույց համաբուժարան, որը մեր երկրում աղետների բժշկության զարգացման առաջին քայլերից է։