Թեեւ պետական գնումների ոլորտում կատարվում են որոշակի բարեփոխումներ, այնուամենայնիվ, Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում դեռեւս բացահայտվում են հակամրցակցային, անարդյունավետ, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային եւ խտրական հիմքերով կազմակերպված գնման գործընթացներ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային Ժողովում կայացած քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ ներկայացնելով2011 թ. Վերահսկիչ պալատի հաշվետվությունը:

Մասնավորապես՝  գները որոշվում են ոչ շուկայական մեթոդներով եւ  փաստացի «շեղվում» են շուկայական գներից: Բացի այդ.  գնումների գործընթացի մասնակիցները գալիս են հակամրցակցային համաձայնության, մրցույթներն անցկացվում են ձեւականորեն, մրցույթների մասնակիցները հիմնականում հանդիսանում են միջնորդներ, որը հանգեցնում է գների թանկացմանը:

Ըստ ՎՊ հաշվետվության՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ճամբարակ» եւ «Ամասիա» տարածքային ստորաբաժանումների համար 2008 եւ 2011 թվականներին 14,7 մլն դրամ ընդհանուր գումարով ձեռք բերված վարչական տարածքներն առ այսօր չեն օգտագործվում: Նշված ստորաբաժանումներն իրենց գործունեությունն իրականացնում են նախապես վարձակալած տարածքներում` վճարելով տարեկան 151.5 հազ. դրամ վարձավճար: Նույնիսկ վարձակալած տարածքներում կատարել են վերանորոգման աշխատանքներ:

Մեկ այլ օրինակ. Արարատի մարզի Հովտաշատ համայնքի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները կատարվել են անորակ, որի արդյունքում շուրջ վեց ամիս անց ճանապարհը քայքայվել է եւ երթևեկության համար դարձել դժվար անցանելի: Ծախսված գումարը դիտվում է որպես անարդյունավետ: