Ռամիլ Սաֆարովի ներումը չպետք է ղարաբաղյան հակամարտության մթնոլորտի շիկացման հանգեցնի: NEWS.am-ի հետ զրույցի ժամանակ հայտնել է «Heritage» հիմնադրամի ավագ փորձագետ Արիել Կոենը` մեկնաբանելով ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակումը:
«Կարելի է հասկանալ հայկական կողմի անբավարարությունն ու զայրույթը: Սակայն դեպքը պետք է զննել անվտանգության եւ դիվանագիտության առավել լայն շրջանակներում: Ոչ մի անձնական ողբերգություն չի կարող պատնեշ դառնալ խաղաղության համար եւ չպետք է թաքցնի նրան հասնելու ձգտումները»,-կարծում է Կոենը:
Նրա կարծիքով, շատ տխուր կլինի, եթե Հայաստանը որոշի կրճատել Ադրբեջանի հետ հարաբերությունների ձեւաչափը:«Երկու կողմերի փախստականները սպասում են իրենց տների վերադարձին, եւ երկու կողմերն էլ կշահեն խաղաղության հաստատումից: Այդ պատճառով աններելի կլինի, եթե Սաֆարովի ներումը մթնոլորտի շիկացման եւ նոր զոհերի հանգեցնի: Անհարժեշտ է մեղմացնել ատելությունը եւ դժվար իրավիճակից դուրս գալու ելք գտնել»,-նշել է փորձագետը:
Հիշեցնենք, որ 2004 թ-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր հայ սպա Գուրրգեն Մարգարյանին, ինչի համար Հունգարիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել: Սակայն այս տարվա օգոստոսի 31-ին մարդասպանը Հունգարիայի կողմից արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում են շնորհել: Այս որոշումը ողջ աշխարհի դժգոհությանն է արժանացել:




























