ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարածքային սոցիալական ծառայությունները ձեռնարկատիրությամբ զբաղվող եւ ավտոմեքենա ունեցող անձանց հատկացնում են ընտանեկան նպաստ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին հայտարարեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ ՀՀ Ազգային Ժողովում ներկայացնելով ՎՊ 2011 թ. հաշվետվությունը:
Սոցիալական ծառայությունների աշխատանքում հայտնաբերվել են նաեւ բազում այլ խախտումներ: Մասնավորապես՝ անասնագլխաքանակի վերաբերյալ կեղծ տեղեկանքի հիման վրա տրվում է ընտանեկան նպաստ, ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցման գումարների վճարման ցուցակներում հայտնվում են մահացած եւ փոխհատուցման իրավունքը կորցրած ավանդատուներ: Արձանագրվել են դեպքեր, երբ հաշմանդամ չհանդիսացող մարդը առողջության մասին ոչ արժանահավատ տեղեկության հիման վրա ստանում է հաշմանդամի կարգավիճակ՝ պետությունից ստանալով կենսաթոշակ, նպաստ, արտոնություններ:
Ընդհանուր առմամբ՝ հայտնաբերվել է 150 մլն դրամի 581 խախտում, մոտ 70 մլն դրամ ենթակա է վերադարձման: ՎՊ հաշվետվությունում նշվել է, որ իրենց առաջարկությունների հիման վրա վերջին 2 տարիներին կենսաթոշակների վճարման գործընթացն էապես բարելավվել է, սակայն դեռեւս անելիքներ շատ կան:





























