Սիրիայում իրադրության կարգավորման համար ցանկացած նախապայմանների առաջադրումն անընդունելի է: Արտաքին ուժերից ոչ մեկը իրավունք չունի նախագահ պարտադրել Սիրիայի ժողովրդին: Միայն սիրիացիները պետք է ասեն իրենց խոսքը հաջորդ ընտրություններին: Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի հատուկ պատվիրակ, արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը ռուսական պետական արաբալեզու «Ռուսիա ալ Յաում» հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Բոգդանովը պնդել է, որ Ժնեւյան համաձայնագիրը եւ Քոֆի Անանի նախագիծը պետք է Սիրիայում քաղաքական գործընթացի հիմք դառնան: Նա նշել է, որԱնանի նախագծին, Ժնեւյան համաձայնագրին եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի  №№ 2042 եւ 2043 բանաձեւերին առայժմ այլընտրանք չկա:

Բոգդանովը նշել է, որ Ռուսաստանն իր արեւմտյան գործընկերներին առաջարկել է ԱԽ-ում նոր  բանաձեւ ընդունել, որտեղ ժնեւյան պայմանավորվածությունները կամրագրվեին եւ պարտադիր կճանաչվեն բոլոր կողմերի համար:

Իր հերթին Իրանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Ռամին Մեհմանփարաստը կրկին ընդգծել  է Սիրիայում արտաքին ներխուժման անընդունելիությունը: Նա ընդգծել է, որ սիրիական ճգնաժամի կարգավորման ուղին զինված հանցախմբերի գործունեության դադարեցումն է: Պատասխանելով Սիրիայի հասցեին ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ հարցին`Մեհմանփարաստը նման  արտահատությունները բնութագրել է որպես  անտրամաբանական, անընդունելի եւ անգիտակից, քանի որ Սիրիա արտաքին ներխուժման դեպքում տարածաշրջանի բոլոր երկրները կներքաշվեն պատերազմի մեջ: 

Մեհմանփարաստը նորից հայտարարել է իր տարածքում սիրիական կառավարության եւ ընդդիմության միջեւ  երկխոսության անցկացման վերաբերյալ Իրանի պատրաստակամության մասին: