Այն խայթոցները, հարցազրույցները, որ կան մամուլում, արդեն խոսում են այն մասին, որ ակտիվ քաղաքականության ստարտը տրվել է: Այս մասին այսօր` սեպտեմբերի 11-ին հրավիրված ասուլիսին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` ավելացնելով, որ խոսքը, թե Ռուբեն Հայրապետյանի, թե Տիգրան Ուրիխանյանի հարցազրույցների մասին է:
Ըստ քաղտեխնոլոգի, այս անգամ մոտ 20 օր շուտ տրվեց ստարտը` չսպասելով սեպտեմբերի 21-ին: Կարեն Քոչարյանը նշեց, որ ինքը շատ հարգում է Հրանտ Բագրատյանին, բայց համաձայն չէ նրա այն առաջարկի հետ, որ միասնական թեկնածուի ընտրության հարցը պետք է թողնել ժողովրդի վրա: «Եթե ժողովրդի վրա ենք գցում, դա ուտոպիա է: Ավելին` քաղաքական գործիչների մոտ հիվանդություն է դարձել, երբ իրենք ուժեղ են, ժողովրդին չեն հիշում, բայց հենց թույլ են, հիշում են: Ինչո՞ւ 2007թ-ին չէին հարցնում` Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրի՞ իր թեկնածությունը, թե՞ ոչ »,- նկատեց Կարեն Քոչարյանը:
Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին Կարեն Քոչարյանը ասաց, որ Ռուբեն Հայրպետյանը, լինելով ոչ քաղաքական գործիչ, բայց նաեւ ոչ պատահական մարդ ՀՀԿ-ում եւ իշխանության մեջ, իր հարցազրույցում նախանշում է արգելապատնեշից այս եւ այն կողմ սահմանները: Քաղտեխնոլոգը դրա մեջ նաեւ մեսիջներ է տեսնում:
Կարեն Քոչարյանը ընդգծեց, որ, ցավոք, նախագահական պայքարը ընթանալու է առաջին,երկրորդ եւ երրորդ նախագաhների միջեւ: «Ինչո՞ւ ցավոք, որովհետեւ հերթական անգամ մեր ժողովուրդը, թե քաղաքական դաշտը չի նայում առաջ, այլն նայում է հետ»,- նշեց Կարեն Քոչարյանը:





























