Եթե ձեզ ասեն, որ Վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների ընթացքում ստուգումներին խոչընդոտելու փորձեր չեն լինում, մի հավատացեք, սակայն դա չի ազդում պալատի աշխատանքի վրա:
Այդ մասին այսօր` սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը` խորհրդարանի դատին ներկայացնելով 2011թ. տարեկան հաշվետվությունը:
«Վերահսկիչ պալատը շատ բաց եւ թափանցիկ է աշխատում: Փառք Աստծո, Հայաստանում շատ մասնագետներ կան, ովքեր կարող են մեր հաշվետվությունները դիտել պալատի պաշտոնական կայքում»,- ասել է նա:
Հարցին, թե ինչպես է նա մտադիր պատասխանել խորհրդարանական խմբակցությունների եւ պատգամավորների գնահատականներին, որոնցից շատերն արդեն նիստի ընթացքում արտահայտել են իրենց դժգոհությունը Վերահսկիչ պալատի աշխատանքի արդյունքներից, Զաքարյանը նշել է. «Եթե Վերահսկիչ պալատը հայտարարում է որոշակի խնդիրների առկայության մասին, սակայն արդյունքն արդյունավետ չի լինում, ապա դրա համար չպետք է քննադատել պալատին: Վերահսկիչ պալատը չի լուծում այդ խնդիրները, պալատը գործում է իր իրավասությունների շրջանակում. մենք ստուգում ենք, գտնում ենք խախտումները, Վերահսկիչ պալատն իրավասություն չունի պատժելու այս կամ այն պաշտոնատար անձին: Ես չեմ կարծում, որ դրա համար պալատի հասցեին ուղղված քննադատություն կհնչի»:
Պատասխանելով Վազգեն Խաչիկյանի գլխավորած Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության աղմկահարույց գործի հետ կապված հարցին` Զաքարյանը նշել է. «Խիստ սխալվում եք, եթե կարծում եք, որ այդ գործով նորություններ չկան: Այդ գործով արդեն մի քանի պաշտոնյաներ պատիժ են կրում, մի քանի մեղավորներ ձերբակալված են, քրեական գործ է հարուցվել եւ գրեթե 80 քննիչներ ներգրավված են այս գործում: Չեմ կարծում, որ այս գործը կավարտվի 2-3 ամսից»:





























