Այսօր` սեպտեմբերի 11-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցով Երեւան ժամանած Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտգործնախարար Ժան Ասելբորնի հանդիպումը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրին, Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կարեւորում է ԵՄ հիմնադիր պետության՝ Լյուքսեմբուրգի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը եւ արտգործնախարար Ժան Ասելբորնի այցը լավ հնարավորություն է քննարկելու եւ պայմանավորվելու այդ ուղղությամբ քայլերի ձեռնարկման համար:
Ժան Ասելբորնը շնորհակալություն հայտնելով Երեւան այցելելու հրավերի համար՝ ընդգծեց, որ ինքը Հայաստան է ժամանել հարաբերությունները խորացնելու հստակ ուղերձով եւ ուրախ է արձանագրել, որ Հայաստանն ունի նույն մոտեցումը:
Զրուցակիցները հանգամանալից քննարկում ունեցան քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առեւտրատնտեսական, մշակութային, գիտակրթական բնագավառում փոխգործակցության զարգացման վերաբերյալ:
Բանակցությունների օրակարգում էին Հայաստան - ԵՄ հարաբերություններին առնչվող հարցերը։ Նախարարներն արձանագրեցին Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի գրանցած առաջընթացը:
Նախարարներ Նալբանդյանն ու Ասելբորնը մանրամասն անդրադարձան տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրների:
Լյուքսեմբուրգի արտգործնախարարը մանրամասն ներկայացրեց Եվրոպայում ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մերձավորարեւելյան զարգացումների վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, ինչպես նաեւ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման պատճառով ստեղծված իրավիճակը:
Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիսը:





























