«Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Հայաստանի քաղաքական գործիչների պերճանքն ու թշվառությունը»  խորագրի ներքո 8-9 հոդված է գրել Ռուբեն Հայարպետյանի վերջին հարցազրույցին վերaբերող եւ դեռ մի այդքան էլ կգրի: Այս մասին այսօր սեպտեմբերի 11-ին հրավիրված ասուլիսին ասաց «Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` առաջարկելով հոդվածներին ծանոթանալ ֆեյսբուքյան իր էջում:

«Ես գրել եմ, թե Ռուբեն Հայրապետյանի կողմից  չհասկացած օլիգարխիան ինչ է նշանակում: Գրել եմ, որ կարծում եմ, որ պարոն Ռուբեն Հայրապետյանը նաեւ ստախոս է: Նա ասում է, որ իր տան դիմացի ակցիայով ահաբեկել են իր ընտանիքի անդամներին, բայց մի քիչ երկար ընթերցելով հարցազրույցը պարզում ենք, որ իր ընտանիքը այդ ժամանակ ապրել է Ֆուտբոլի ակադեմիայի հյուրանոցում: Այսինքն` սուտ է ասում»,- ընդգծեց Հրանուշ Խառատյանը:

Հրանուշ Խառատյանը ընդգծեց նաեւ, որ հարցազրույցից պարզվում է, որ Ռուբեն Հայրապետյանը որպես վկա է եղել Պողոս Պողոսյանի սպանությանը: «Ես իրավապահների ուշադրությունը հրավիրում եմ դրա վրա: Ի՞նչ է արել, հետաքրքիր է, Ռուբեն Հայրապետյանը: Ուրիշների նման ծլկել է, որ իրեն որպես վկա չկանչեն, թե ուզել է որպես վկա գնալ, բայց իրավապահ մարմինները չեն ուզել: Թե այն ժամանակ ուզել է Ռուբերտ Քոչարյանի մարդը դառնալ: Նրա ամբողջ հարցազրույցում սրա կամ նրա մարդը լինելն առանցքային խնդիր է»,- նշեց Հրանուշ Խառատյանը եւ ավելացրեց, որ ինքը ոչ մեկի մարդը չէ եւ այս ամբողջ ընթացքում ոչ մեկի հետ չի համագործակցել:

Ասուլիսի մյուս բանախոսը` քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը զարմանում է, որ եթե Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցում հնչեցված մեղադրանքը անհիմն են, ինչո՞ւ մեղադրվողները չեն դիմում դատարան: «Ես ճիշտն ասած զարմանում եմ, որ շատ դեպքերում ինչո՞ւ մեղադրանքները չեն մտնում դատական ատյաններ: Ես գտնում եմ, որ եթե կա մեղադրանք կամ պետք է ապացուցվի կամ պետք է ինքը մեղավոր ճանաչվի, քանի որ անհիմն մեղադրանք է ներկայացրել: Մեկը ես «Հարսնաքարի» գործով բողոքի ակցիաներին մասնակցել եմ, բայց ինձ ոչ ոք չի ֆինանսավորել»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի