Թուրքիայի հարավ-արեւելյան շրջաններում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ակտիվ հարձակողական գործողությունները առաջիկայում կնրեառեն նաեւ Շրնաքի Ջիզրեյի շրջան։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman-ը։

Թուրքական հետախուզական տվյալներով՝ PKK-ի մոտ 40 զինյալ արդեն մտել են Ջիզրեյի շրջկենտրոն եւ թաքնվում են քաղաքացիների տներում։ Քուրդ զինյալները պատրաստվում են թեկուզ կարճ ժամանակով վերահսկողության տակ վերցնել Ջիզրեն եւ PKK-ի դրոշն ամրացնել։

Թուրքական ոստիկանությունը փորձում է գտնել հարձակման պատրաստվող քուրդ զինյալներին։

Նշենք, որ PKK-ն Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանում հուլիս 23-ից ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում կարողացել էր գրավել թուրքական մի քանի հենակետեր եւ ճանապարհներին ստուգումներ իրականցնել՝ ամրացնելով PKK-ի դրոշը։