Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց պատգամավորի մանդատից նախագահական ընտրություններում առաջադրվելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշին որպես նախագահի թեկնածու, Կարեն Քոչարյանը ասաց. «Պարզ է` ԱԺ եւ նախագահական ընտրությունները տարբեր են: Այսինքն, եթե «Ժառանգության» վարկանիշը ԱԺ ընտրություններում 5 տոկս է եղել, ապա նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը կարող է լինել 10 տոկոս: Բայց ես ասում եմ այս պահի դրությամբ, որովհետեւ մեկ այլ բան է քաղաքական սովորական ընթացքը, մեկ այլ բան է նախընտրական «գոնկան» եւ այս դեպքում շատ բան կարող է փոխվել»:
Որպես նախադեպ Կարեն Քոչարյանը բերեց 2007թ-ի Լեւոն Տեր-Պետրոսյանի օրինակը: «Բայց ես չեմ կարծում, որ այս անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է փյունիկի նման աճել»,- ավելացրեց քաղտեխնոլոգը:
Կարեն Քոչարյանը նաեւ նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը առայժմ «Ժառանգության» թեկնածուն է, իսկ հետո կլինի ընդդիմության միասնական թեկնածուն, թե ոչ, դա արդեն կորոշի ամբողջ քաղաքական դաշտը:




























