Հունգարաադրբեջանական գործարքին միջազգային հանրության մոտեցումը միաձայն մոտեցում էր եւ միասնական արձագանք:  Այդ մասին այսօր` սեպտեմբերի 11-ին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Հարցին, թե Հայաստանը ինչպե՞ս է գնահատում եվրակառույցների նման կեցվածքը եւ այս պայմաններում դարձյալ պետք է վերադառնամ Արեւելյան Գործընկերության ծրագրին, ինչպե՞ս է պատկերացնում հետագա զարգացումը Eastern Partnership ծրագրի, Նալբանդյանն ասել է. «Չկա որեւէ միջազգային կառույց, որ իր բացասական վերաբերմունքը չհայտներ այս գործարքի վերաբերյալ:  Եվրամիության կողմից ոչ միայն այդ հայտարարությունն է հնչել, որին Դուք հղում եք կատարում, նաեւ այլ հայտարարություններ են հնչել ներառյալ Եվրոպական Միության անդամ երկրների կողմից»:

«Այս վերջին օրերի ընթացքում տասնյակ հեռախոսազանգեր եմ ստացել տարբեր երկրների արտգործնախարարներից, ներառյալ նաեւ Եվրոպական Միության անդամ երկրներից, որոնք իրենց միանշանակ վերաբերմունքն են արտահայտել ադրբեջանահունգարական այս գործարքի կապակցությամբ: Չկա որեւէ մի երկիր, որն այսօր կարող է արտահայտել իր աջակցությունը կատարվածին, չկա մի երկիր որ արտահայտի իր աջակցությունը Ադրբեջանին»,- նշել է Նալբանդյանն ու հավելել. «Ո՞վ կարող է արտահայտել այս պայմաններում իր աջակցությունն Ադրբեջանին: Միգուցե համար մեկ հոգեբուժական հիվանդանոցի կոլեկտիվը, որը նամակ էր հղել Ադրբեջանի նախագահին եւ այն  մի քանի օր շարունակ տեղադրված էր Ադրբեջանի նախագահական կայքում»: