ՀՀ Վերահսկիչ պալատը մի շարք անարդյունավետ ծախսեր է հայտնաբերել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառտնտեսություն» ՊՈԱԿ-ում: ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց, որ տարածքներ կան, որտեղ անտառտնկման աշխատանքներ են իրականացվել, սակայն փաստացի ոչ մի տնկված ծառ չկա: «Այդպես չի լինում, որ բոլոր ծառերը չորանան կամ վնասատուները վնասեն»,- ասաց Ի. Զաքարյանը:
Ըստ ՎՊ հաշվետվության՝ անտառտնկումների համար կատարված ծախսերի մոտ 40%-ն անարդյունավետ է եղել, ընդ որում՝ այստեղ հաշվի են առել միայն այն ծախսերը, երբ տնկված անտառները 100 %-ով «չորացել են»:
Բացի այդ, ըստ ՎՊ հաշվետվության, անտառներից փաստացի մթերված փայտի ծավալները գերազանցում են անտառշինական պլաններով սահմանված ծավալները:





























