Հյուսիսայի Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում  ընթացող գործընթացները եւ դրանցում իսլամական արմատական կազմակերպությունների ու րնդհանրապես արմատական տրամադրվածությունների վերելքը խոսում են այն մասին , որ իսլամականները բավականին ակտիվ են, փորձում են վերագտնել իրենց , խոր արմատներ գցել այն երկրներում , որոնք բավականին լուրջ փոփոխությունների են ենթարկվել: Այդ մասին այսօր ` սեպտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասել է իսլամագետ, արաբագետ Սարգիս Սարգսյանը` նշելով, որ խոսքը վերաբերվում է Լիբիայում, Եգիպտոսում, Լիբանանում ու Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին:

«2001 թ.-ի սեպտեմբերի 11-ին իրականացրած  ահաբեկչությունից հետո,  «Ալ- Քաիդան» եւ նրան հարող կազմակերպությունները բավականին ակտիվ են այս տարածաշրջանում: Սեպտեմբերի 11-ից հետո այդ կազմակերպությունները ` մասնավորապես «Ալ- Քաիդան», որը տեղակայված էր Աֆղանստանում ու Պակիստանում, բավականին ճնշումների ենթարկվեցին, գաղափարակիրներից շատերը զոհվեցին եւ վերջապես նրանք կորցրեցին իրենց հուսալի հենակետը` Աղֆանստանը»,- նշել է փորձագետը:

Նա նշել է, թե Արեւմուտքն ու ԱՄՆ-ը այժմ թույլ են տալիս, շատ դեպքերում համագործակցում ու ֆինանսավորում «Ալ- Քաիդային» ու արմատական մյուս կազմակերպություններին, ներգրավում Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող գործընթացներին ` նպատակ հետապնդելով ջլատել նրանց ուժերը: «Եթե Եգիպտոսում , որտեղ իսլամիստները ավելի խոր արմատներ են գցել , արմատականներին հաջողվեց հասնել հաջողությունների, ապա Սիրիայում , որն ավելի շատ աշխարհիկ երկիր է,  իրադրությունն այլ է»,- ասաց արեւելագետը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի