Առավել հավանական է, որ մոտ ժամանակներս ոսկու համաշխարհային գինը կրկին բարձրանա, համենայնդեպս՝ չի նվազի: Նման կանխատեսում NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Համաշխարհային հայ ոսկերիչների միության (Armenian Jewellers Association, AJA) գործադիր տնօրեն Արտակ Ուդումյանը:

Նրա խոսքով՝ եւրոպական ու այլ ֆինանսական շուկաներում անկայունության հետեւանքով մարդիկ նախընտրում են ներդրում անել ոսկու մեջ: «Ոչ մի արժույթ ներկայում բավարար վստահություն չունի, կապիտալը պահպանելու լավագույն միջոցը դարձել է ոսկի պահելը: Նույնիսկ դոլարը վստահելի չէ, վարկանշային կազմակերպությունները նույնիսկ ԱՄՆ-ի վարկանիշն են իջեցնում, նրանց ահռելի պարտքը մեծ սպառնալիք է»,- ասաց Ա. Ուդումյանը;

Կան հաջողակ ներդրողներ՝ Ջորջ Սորոսը կամ Ուորեն Բաֆետը, որոնք ոսկու մեջ են ներդրումներ կատարում, իսկ դա նշանակում է, որ ոսկին դառնում է հիմնական պահուստային արժույթ:

Ոսկու թանկացման մյուս պատճառը առաջարկի նվազումն է: Ոսկու պաշարները նվազում են, արդյունահանման ինքնարժեքը՝ բարձրանում: Եթե նախկինում շահագործվում էին այն հանքերը, որտեղ ոսկու պարունակությունը 1 տոննա հանքաքարում առնվազն 3 գրամ էր, ապա ներկայում՝ 1,5 գրամը համարվում է հաջողություն: 

Ըստ Ա. Ուդումյանի՝ ոսկու թանկացումը մեծ վնաս է ոսկերչությանը, քանի որ բարձրացնում է հումքի ինքնարժեքը: Ներկայում շուկայում տեղ գրավելու համար հարկավոր է յուրահատուկ գործեր ստեղծել, պարզ զարդերը մեծ պահանջարկ չունեն; Իսկ յուրահատուկ գործերը բարձրացնում են աշխատուժի արժեքը, այսինքն՝ շատ դժվար է ոսկու թանկ հումքի պարագայում բարձր աշխատավարձ վճարել:

Ներկայում, ըստ Ա. Ուդումյանի, ավելի տարածված են բանկային սալիկներով գործարքները, նույնիսկ երբ ֆիզիկապես ոսկին չես ստանում, այլ բանկում  «մետաղյա հաշիվ» ես բացում: Դա հաճախորդի համար գրավիչ է այն պատճառով, որ «բակային թղթերն» իրացնելիս կորուստներ չկան, ինչն անխուսափելի է ոսկյա զարդերի պարագայում:

Նշենք, որ սեպտեմբերի 11-ի դրությամբ ոսկու տրոյական ունցիան (31,1 գրամ) Լոնդոնի թանկարժեք մետաղների շուկայում գնանշվել է 1732 դոլար: