Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նեղացած է միջազգային հանրությունից եւ եվրոպական կառույցներից:
«Ռամիլ Սաֆարովի վերադարձից եւ ներումից հետո Ադրբեջանի դեմ սկսվել է ճնշման եւ մեղադրանքների արշավ: Հայերը, աշխարհասփյուռ հայությունը աղմուկ են բարձրացրել», - Ադրբեջանի նախագահի խոսքերն է մեջբերում «ԱՊԱ» գործակալությունը:
«Մի քանի ամիս առաջ ես ասացի, որ մեր հիմնական թշնամին հայկական լոբբին է: Ինչպիսի կեղտոտ արշավ են այժմ նրանք սկսել Ադրբեջանի դեմ: Հայկական լոբբիի հովանու ներքո գտնվող կաշառակերները, երկերեսանի եւ ծախու սենատորները, որոշակի միջազգային կառոյցների ղեկավարները, որոշ քաղաքական գործիչներ Ադրբեջանի դեմ անհիմն մեղադրանքներ են ներկայացնում», - բողոքել է Իլհամ Ալիեւը:
Նախագահի դժգոհությունն է հարուցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը: «Ամեն ինչ օրենքի շրջանակներում է արվել, Եվրոպայի ընդունած կոնվենցիայի շրջանակներում: Իսկ հիմա տեսեք, թե ինչ է ասել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը: Այդ մարդու պարտականությունն է մարմնավորել հումանիզմը, պաշտպանել մարդու իրավունքները: Եվրոպայի խորհուրդը բազմիցս Ադրբեջանի դեմ անհիմն մեղադրանքներ է առաջադրել: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հայրենակից Բրեյվիկն սպանել էր 80 մարդու, նրան տվել են 21 տարի: Ամեն զոհի դիմաց ստացվում է մոտավորապես 3 ամիս պատիժ: Մի՞թե հնարավոր է նման բան: Ինչո՞ւ է նա լռում դրա մասին», - զայրացել է Ալիեւ կրտսերը:
Սպանության համար Հունգարիայում ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովը օգոստոսի 31-ին Բուդապեշտի եւ Բաքվի միջեւ գործարքի արդյունքում Հունգարիայից արտահանձնվել էր Ադրբեջան, որտեղ ներման էր արժանացել: Հենց նույն օրը Երեւանը դադարեցրել էր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, իսկ միջազգային հանրությունը դատապարտել էր հանցագործի ազատումը:





























