Խախտումները, որոնք հայտնաբերվել են գիտության հովանավորության բնագավառում, մեծամասամբ վերաբերում են 2008 թ-ին, որոնք հիմնականում արդեն ուղղված են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը` մեկնաբանելով խորհրդարանում վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարությունը::
Նշենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին Ազգային Ժողովում ներկայացնելով ՎՊ 2011 թ. հաշվետվությունը, ասել էր, թե Հայաստանի Վերահսկիչ պալատը խախտումներ է հայտնաբերել գիտության ֆինանսավորման ոլորտում:
Մասնավորապես՝ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում առանձին դեպքերում մրցութային գիտական թեմաների անվանումները, իրականացված հետազոտությունները, ինչպես նաեւ գիտական հրապարակումները համընկնում են բազային ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի հետ: Այսինքն, միեւնույն աշխատանքների համար կրկնակի ֆինանսավորում է իրականացվել: Արդյունքում՝ կատարվել է 32,9 մլն դրամի անարդյունավետ ծախս:





























