Ռուսաստանի Կուբանի մարզում, սեփական կյանքը վտանգելով, հայազգի ոստիկանը լեռնային վարարած գետից դուրս է բերել խեղդվող աղջնակի։ Ինչպես տեղեկացնում է Life News-ը, պատահարը տեղի է ունեցել Չեմլիկ գետի կամուրջի մոտ։ Աշոտ Գրիգորյանը ոչ աշխատանքային օրը, սեփական մեքենան վարելով՝ մոտեցել է Չեմլիկ գետի կամուրջին, որտեղ նկատել է, որ մոր հետ զբոսնող 5-ամյա Անյա Կոզենկոն արագ բաց է թողել մոր ձեռքը եւ վազել ձորակը գլորված կատվի ձագին «փրկելու»։ Փոքրիկը կորցրել է հավասարակշռությունը եւ 5 մետր բարձրությունից գլորվել վարարած գետը։

Մոր օգնության աղաչանքին միանգամից արձագանքել են անցորդները, սակայն վարարած գետը նետվել է միայն Աշոտ Գրիգորյանը, ով արդեն մոտեցել էր դեպքի վայրին։ Գրիգորյանը հաջողել է աղջնակին ափ դուրս բերել, եւ առաջին օգնություն ցուցաբերել ուշագնաց երեխային։ Շուտով դեպքի վայր է հասել շտապ օգնության մեքենան։ Համոզվելով, որ աղջնակի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում՝ Աշոտ Գրիգորյանը նստել է մեքենան, եւ շարունակել ուղին։

ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայության մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ ՌԴ ոստիկանության ավագ լեյտենանտը համեստաբար լռել է իր գործած հերոսական արարքի մասին։ Գործընկերները իմացել են այդ մասին միայն այն բանից հետո, երբ աղջնակի հայրը ոստիկանության բաժին շնորհակալական նամակ է հղել։ «Ոչ մի արտառոց բան չի պատահել։ Ես պարզապես արել եմ այն, ինչ պետք է աներ ցանկացած մարդ, ով իմ տեղում լիներ»,- նշել է Ռուսաստանի ոստիկանություն աշխատող Աշոտ Գրիգորյանը։