NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Reuters-ի բրյուսելյան բյուրոյի ղեկավար Թիմոթի Հերիթիջի եւ Եվրոպայի հարցերով թղթակից Ֆրանչեսկո Գուարաշոյի հոդվածը, որը հրապարակվել է Reuters-ի կայքում.

Ադրբեջանն ուժեղացրել է Լեռնային Ղարաբաղը ետ վերցնելու սպառնալիքը,  եւ մարդասպանին որպես հերոս ընդունելու նրա որոշումն ընդգծեց պատերազմի վտանգը, որում կարող են ներգրավվել Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը:

Եւ Հայաստանը, եւ Ադրբեջանն ավելի հզոր զենքեր ունեն, քան երկու տասնյակ տարի առաջ, եւ եթե Թուրքիայով Ադրբեջանից Եվրոպա մատակարարվող նավթատարին ու գազատարին կամ Հայաստանի ատոմակայանին  վտանգ սպառնա, պատերազմը կարող է տարածվել:

Հայաստանն իր տարածաշրջանային դաշանակցի հետ գործակցում է ՀԱՊԿ շրջանակում, Ադրբեջանը համաձայնագիր ունի Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ է, եւ դաշինքի համար մեկ անդամի վրա հարձակումը նշանակում է հարձակում բոլոր 28 անդամների դեմ:

Քաղաքական եւ ռազմական վերլուծաբաններն ասում են, որ պատերազմն անխուսափելի չէ  եւ  ոչնչացման  ու տարածաշրջանային պատերազմի պոտենցիալը որպես զսպող գործոն է հանդես գալիս: Սակայն նրանք ավելի հաճախ են քննարկում, թե  ինչպես կարող է ավարտվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը:

Առավել հավանական առիթ կարող են լինել շփման գծում  կամ հայ-ադրբեջանական սահմանին մահացու բախումները: Միայն հուլիսին դրանց արդյունքում ինը մարդ է   զոհվել:

Առավել քիչ հավանական  կարող է լինել պատերազմի գնալու քաղաքական որոշումը` չնայած Ադրբեջանի` Ղարաբաղն իր վերահսկողության ներքո վերադարձնելու սպառնալիքներին:

Քարնեգիի հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալն ասում է, որ հիմա պատերազմն ավելի ավերիչ կարող է լինել, քան 1990-ականների ցածր տեխնոլոգիական հակամարտությունը. «Այն ավելի արյունալի  եւ լայնամասշտաբ միջպետական հակամարտություն կլինի` անկանխատեսելի հետեւանքներով»:

ԵԱՀԿ ղեկավարությամբ քաղաքական լուծում գտնելու փորձերը մեծ հաջողություն չունեցան, եւ քաղաքական զիջումները շատ դժվար են առաջնորդների համար, որոնք կարող են իշխանությունը կորցնելու ռիսկի գնալ, եթե թույլիկ երեւան:

Դիվանգետներն ու վերլուծաբաններն ասում են, որ եթե այլ պատերազմ  բռնկվի, այն հավանաբար կավարտվի փակուղով: «Ադբեջանցիները հիմա  չեն կարող վերադարձնել Ղարաբաղը: Ռազմական առումով նրանք ի վիճակի չեն դա անել: Ես չեմ կարծում, թե նրանք կարող են դուրս մղել հայկական ուժերին: Կարծում եմ, որ դա շատ բարդ է»,-ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բւայզան:

Ադրբեջանցի ռազմական փորձագետ եւ պատերազմի վետերան  Յուսուֆ Աղաեւն ասում է, որ երկարատեւ պատերազմի նախադրյալներ չկան. «Կարծում եմ, որ այն կշարունակվի մեկ կամ երկու ամիս. այսքան ժամանակ մեր զինված ուժերը կարող են պայքարել: Եթե այն շարունակվի ավելի երկար, ապա կվերածվի պատերազմի, որին  ստիպված կլինի մասնակցել հանրությունը, ոչ միայն բանակը: Ես չեմ կարծում, որ մեր երկրի հանրությունը պատրաստ է պատերազմի»,-ասել է նա: