Նյու Յորքում լռության րոպեով են հարգել 2001թ. սեպտեմբերի 11-ի  ահաբեկչության զոհերի հիշատակը: Ավերված երկնաքերների տեղում սգո արարողությունը ընդհատվել է ավանդական լռությամբ` զանգերի, աղոթքների եւ Մանհեթենում կանգնած մեքենաների ազդանշանների ուղեկցությամբ:

Լռության րոպեն սկսվել է ԱՄՆ արեւելյան ափի ժամանակով ժամը 8:46-ին (Երեւանի ժամանակով ժամը 16:46-ին): Հենց այդ ժամանակ ահաբեկիչների կողմից գրավված American Airlines ընկերության ինքնաթիռը բախվել էր Առեւտրի համաշխարհային կենտրոնի Հյուսիսային աշտարակին:

Նշենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացվել էր մարդկության պատմության ամենախոշոր ահաբեկչությունը: Մահապարտ ահաբեկիչները առեւանգված ինքնաթիռներով կործանել էին Նյու Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի աշտարակները եւ Վաշինգթոնում Պենտագոնի շենքի մի մասը:

3 հազար զոհերից պաշտոնապես հաստատված է 2 հազար 750 անուն: Երեկոյան  երկու հսկայական լույսեր կբարձրանան` պատկերելով ավերված աշտարակները, այն տեսանելի կլինի Մանհեթանից 50 կմ հեռավորությունից:

Թաղամասն ամբողջովին վերականգնել այդպես էլ չի հաջողվել: Եթե սկզբնապես սպասվում էր, որ Համաշխարհային առեւտրի կենտրոնի նոր համալիրը պատրաստ կլինի 10-րդ տարելիցին, ապա այժմ խոստանում են 2015 եւ 2016 թվականներին: